Շատ հաճախ այն ամենն, ինչի միջով մենք անցնում ենք, անհասկանալի է մեզ համար

Մանրամասներ

Երբ նեղության մեջ ենք լինում, շատ հաճախ լսում ենք մարդկանց կարծիքները ու դրանք հիմնականում լինում են հուսադրող։ Շատերը մեզ փորձում են համոզել ու ասել որ՝ ոչինչ, կանցնի, վստահիր Աստծուն ու հավատա, որ ամեն բան շատ լավ է լինելու։

Երբ մարդիկ այսպիսի խորհուրդ են տալիս, հաճախ նրանց ասածից կարելի է նման ենթադրություն անել. «Մի՛ անհանգստացեք, սպասեք ու Աստված ի վերջո ձեզ կտա այն, ինչ որ դուք ուզում էք: Նա կհոգա ձեր մասին ու անպայման կգոհացնի ձեզ»: Իրականում, սա Աստծո նկատմամբ վստահություն ունենալ չէ: Սա ավելի շուտ ինքնամխիթարություն է: Վստահել Աստծուն նշանակում է հստակ գիտակցել, որ ինչ էլ Աստված որոշի, ճշմարտություն է ու բարին քեզ համար: Վստահել ու ապավինել Աստծուն, նշանակում է ընդունել, որ Աստված ոչ միշտ է գործոելու ըստ մեր պատկերացումների ու ցանկությսունների:

Աստվածաշնչում բազում օրինակների ենք հանդիպում, երբ Աստված արտոնում է փորձությունը, որպեսզի դրանից շատ ավելի մեծ բարիք դուրս գա: Այլ կերպ՝ Աստված ոչ թե վերացնում է փորձությունը, այլ տալիս է ուժ այն հաղթահարելու։

Շատ հաճախ այն ամենի միջով, որ մենք անցնում ենք, անհասկանալի է մեզ համար: Մենք չենք հասկանում՝ ինչու համար են նեղությունները, տառապանքը, ցավը, վիշտը: Բայց սովորում ենք համբերել, դիմանալ ու վստահել Աստծուն: Խաղաղության մեջ լինել Նրա հետ, երբ մեզ թվում է, թե Նա «ոչ» է ասում մեր ցանկություններին: Աստծուն վստահել նշանակում է ասել, «Տեր, թող քո կամքը լինի և ես հոժարությամբ ընդունում եմ այն, որովհետև Դու Սեր ես ու ինչ որ կամենում ես լավագույնն է մեր փրկության համար»:

qahana.am