10 ամսում Հայաստան է այցելել 1.4 մլն զբոսաշրջիկ. ինչ որակի ծառայություններ են մատուցվում մեր երկրում

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

2022 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847: Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև այս տարվա հունվար-հոկտեմբերի վիճակագրությունը. 10 ամսում Հայաստան է այցելել 1.400.000 զբոսաշրջիկ:

Անուշ Բաբայան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ- Ցուցանիշը բավականին գոհացուցիչ է, որովհետև եթե համեմատենք 2021 թվականի 10 ամսվա ցուցանիշի հետ, թիվը կրկնակի ավելացել է, 2019-ի համեմատ նվազել է: Այդ տարին մեր պիկն էր:

2019-ի զբոսաշրջային բումին հնարավոր է հասնել հաջորդ տարիներին: Տուրիստական այս ընկերությունում, օրինակ, ակնկալում են, որ մինչև 2022-ի վերջ կհաջողվի գերազանցել առնվազն նախորդ տարվա ցուցանիշը:

Վլադիմիր Գևորգյան (տուրիստական ընկերության տնօրեն) - Կարծում եմ` նման տեմպերով շարժվելու պարագայում մենք 2024 թվականին վերականգնած կլինենք այն մակարդակը, որը ունեինք 2019-ին: Այդ ժամանակ մենք ունեինք 1.980.000 զբոսաշրջիկ:

Վրաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ. այս ուղղություներից են հիմնականում Հայաստան այցելողները: Մեծ մասը՝ մոտ 860.000-ը, Հայաստան է եկել օդային ճանապարհով, այնուհետև Բագրատաշեն, Բավրա անցակետերն են: Զբոսաշրջության կոմիտեում 2022-ի համար նախնական կանխատեսել էին 1.5 միլիոն զբոսաշրջիկ:

Անուշ Բաբայան - Առաջին տեղում Ռուսաստանն է` շուրջ 46 տոկոսը, իսկ եթե հաշվի առնենք եվրոպական երկրներից՝ 2 տոկոսը Գերմանիայից է:

Վլադիմիր Գևորգյան - Պետք է հաշվի առնել, որ այստեղ նաև հայտնի իրադարձություններով պայմանավորված մեծ ներհոսք է եղել:

Տուրիստական մեծ ներհոսքին զուգահեռ` առաջացել է նաև որակյալ ծառայությունների մատուցման հարցը: Վլադիմիր Գևորգյանի կարծիքով` այստեղ կարևոր է, որ զբոսաշրջային ընկերությունները որակավորված, լիցենզավորված լինեն: Աշխարհին պատշաճ ներկայանալու, մեր երկիրը ներկայացնելու խնդիր ունենք:

Վլադիմիր Գևորգյան - Պետք է իրենց գործունեությունը գրանցեն, բայց հաճախ հիմա ուղղակի «4 անիվների վրա ծառայություն են մատուցում» և պատասխանատու չեն ոչ որակի, ոչ անվտանգության համար, ոչ էլ արդար մրցակցության կողմնակից են: Երկրորդ խնդիրը մեր երկրի ճանաչելիության բարձրացումն է, միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը:

Մեր երկրի ճանաչելիության բարձրացման, տուրիստական գրավչությունը բարձրացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն այս օրերին Հայաստանի 9 տուրիստական ընկերության հետ մեկ միասնական պետական տաղավարով մասնակցում է WTM London 2022 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ Հայաստանը ներկայացնելով որպես նոր ու գրավիչ ուղղություն:

1lurer.am