Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը պարտվել են դատարանում

Մանրամասներ
ա

2009 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և լիբանանահայ Գևորգ Թորամանյանը ստեղծել են «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ն, յուրաքանչյուրը դառնալով 50%֊ի բաժնետեր։

2011֊ին Գագիկ Ծառուկյանը, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը և Գևորգ Թորամանյանի վստահորդը «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի առքուվաճառք են իրակացրել։ Գևորգ Թորամանյանը ընկերության ստեղծման պահին եղել է ամուսնացած, հետևաբար համատեղ ձեռք բերված բաժնեմասը պատկանում է նաև նրա տիկնոջը՝ Ղազախստանի քաղաքացի Այման Ուաժանովային։

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը 2011թ-ին ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով են հրավիրել, որի արդյունքում Սեդրակ Առուստամյանը դառնում է համասեփականատեր Թորամանյանի փոխարեն, և «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ–ն հավասարաչափ պատկանում է Առուստամյանին և Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը կազմել են արձանագրություն, փոխել ընկերության կանոնադրությունը։

Այս ամենի մասին փաստաթղթերից 2020 թվականին տեղեկանում է Գևորգ Թորամանյանի կինը` Այման Ուաժանովան, որը 2004–ից ամուսնացած է եղել Թորամանյանի հետ և համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը պատկանել է նաև իրեն։

Նա դիմել է դատարան, ընդդեմ պատասխանողներ Սեդրակ Առուստամյանի, Գևորգ Թորամանյանի, Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ՝ ,Մուլտի Ակվամարինե ՍՊԸ-ի` 14.03.2011թ. բաժնեմասի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին։

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հայցվորը համարել է, որ Սեդրան Առուստամյանն ապօրինի է դարձել սեփականատեր, որովհետև առանց իր համաձայնության բաժնեմասը չէր կարող վաճառվել Առուստամյանին, այնինչ ինքն այդ մասին անգամ չի իմացել։ Իսկ ամուսնու փոխարեն գործարքն իրականացրել վստահված անձ, որն,ի դեպ, ունեցել է դրա իրավունքը։
Դատարանը, դատավոր Ս․ Հովսեփյանի նախագահությամբ՝ բավարարել է Այման Ուաժանովայի հայցն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի, Գևորգ Թորամանյանի, Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի։ Նրանք Ղազախստանի քաղաքացուն պարտվել են դատարանում, Ուաժանովան դարձել է իրեն հասանելիք բաժնեմասի համասեփականատեր, Ծառուկյանի ու Առուստամյանի գործարքը ճանաչվել է անվավեր։