Ռուսաստանը պետք է լրացուցիչ երաշխիքներ ստեղծի, եթե որոշի դուրս բերել իր ուժերը Լեռնային Ղարաբաղից. Փաշինյան

Մանրամասներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պատրաստ է ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգման մասին թուղթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը նշեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ընդունած որոշման և մանդատի հիման վրա:

«Նշվում է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար: Տեսականորեն, եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա, կամ որոշի, դուրս բերել իր ուժերն այդտեղից, նա պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ նույնիսկ այդ պարագայում այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև փորձարկվեն:

«ՌԴ այդ ցանկությունը չի կարող լինել ոչ լեգիտիմ: Եթե այդ սպառնալիքը, որի համար խաղաղապահները եկել են այնտեղ, վերացված չէ, Ռուսաստանի հրաժարվելու դեպքում միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այնտեղ խաղաղապահներ տեղակայելու համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: