Իրավիճակը պայթյունավտանգ է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Իրանի ուղղություններով պատերազմի սպառնալիք ունեցող լարվածություններ կան

Մանրամասներ

Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում հերթական հայտարարությունն է արել Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին:

ԼՂ բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումներին անդրադառնալով՝ նա հիշատակել է 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցման դրվագը. «Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով ՝բնակիչներին՝ կոչ անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդա»-ին և «Իսլամական պետությանը»»:

Հատկանշական է, սակայն, որ այս ամենին զուգահեռ՝ Փաշինյանն ու իր թիմը չեն դադարում խոսել խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին:

Վերջին օրերին տարբեր կողմերից հնչող հռետորաբանության փոփոխությունների, 44-օրյա պատերազմից երկու տարի անց տարածաշրջանային զարգացումների, խաղաղության պայմանագրի և դրա կնքման հնարավորությունների մասին 168.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Արձանագրելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներով հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժային հավասարակշռության փոփոխությունը՝ փորձագետը մանրամասնեց.

«Այս փոփոխման դինամիկան շատ ավելի լայն ընթացք ստացավ փետրվարին մեկնարկած ուկրաինական ճգնաժամի հետևանքով, երբ ՌԴ-ն իր ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնելով ուկրաինական ճակատում, իր ներգրավվածությունը հեռացրեց Հարավային Կովկասից: Այս պայմաններում մենք փաստացի ականատես եղանք ՌԴ քաղաքականության հետևանքով առաջացած վակուումը լցնելու պրոցեսին. ընդ որում, դրա համար մրցակցում են ինչպես տարածաշրջանային դերակատարներ, ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, այնպես էլ՝ արտատարածաշրջանային՝ ի դեմս Եվրամիության, Միացյալ Նահանգների, մասնակիորեն՝ նաև Հնդկաստանի:

Նման իրավիճակում, բնականաբար, տարածաշրջանը դարձել է շատ ավելի անկայուն, տարածաշրջանային իրավիճակը՝ շատ ավելի տուրբուլենտ և պայթյունավտանգ (մի քանի ուղղություններով տեսնում ենք անգամ պատերազմի սպառնալիք ունեցող լարվածություններ. ավանդաբար, Հայաստան-Ադրբեջան ուղղությունն է, Իրանի ներգրավվածությամբ որևէ ռազմական առճակատման հնարավորությունն է)»:

1

Իսկ ստեղծված իրավիճակում, ըստ Արմեն Պետրոսյանի, ՀՀ համար առաջնային նպատակը հնարավոր նոր ռազմական առճակատումից խուսափելու տարաբնույթ քաղաքական մանևրներն են՝ պայմանավորված և՛ իրանական կողմի հետ համագործակցության ակտիվացմամբ, և՛ արևմտյան ուղղության ակտիվացմամբ, և՛ ՌԴ հետ եղած տարբեր ձևաչափերի խթանման քաղաքականությամբ: Նա նկատեց, որ հենց սրա ականատեսն ենք լինում վերջին շրջանում:

«ՀՀ վարչապետի ելույթն էլ հենց այդ մասին է վկայում, որ իրավիճակը տարածաշրջանում բավականին պայթյունավտանգ է, Ադրբեջանի կողմից կա նոր էսկալացիայի հնարավորություն՝ նշածս գլոբալ գործընթացների համատեքստում ևս,- հավելեց փորձագետը՝ հիշեցնելով, որ սեպտեմբեր 13-ի ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ, երբ ՌԴ-ն Ուկրաինայում արձանագրեց նահանջ,- Նախօրեին էլ ականատես եղանք, որ ՌԴ-ն թողնում է Խերսոնը: Գնահատելով ներկա հռետորաբանությունը և հարակից գործընթացները՝ չի կարելի բացառել հերթական էսկալացիան»:

Այս համատեքստում նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 8-ի ագրեսիվ սպառնալիքները՝ ուղղված Հայաստանին, ակնարկները՝ ուղղված Իրանին, ՌԴ-ին և միջազգային հանրությանը, զուգահեռ՝ իրանական կողմից ակտիվացած քարոզչական ուղերձներն առ Ադրբեջան, ՀՀ վարչապետի ելույթը և Ադրբեջանի կողմից պարբերաբար «հրադադարի ռեժիմի խախտման» վերաբերյալ տեղեկատվության տարածումը:

Տարածաշրջանային հարցերով փորձագետը ներկա իրողությունների պայմաններում խիստ անիրատեսական է համարում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը. «Տեսնում ենք՝ կողմերի միջև շարունակում են մնալ բոլոր խնդրահարույց ուղղությունները՝ և՛ Արցախի կագավիճակի անհստակությունը, և ՛ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման առնչությամբ կողմերի միջև պայմանավորվածությունների բացակայությունը, և՛ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում առկա խնդիրները, և՛ ադրբեջանական ԶՈՒ ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում: Դրան գումարած, իհարկե, աշխարհաքաղաքական մրցակցությունը, որը դրսևորվում է մեր տարածաշրջանում միջնորդական տարբեր հարթակների (ռուսական և արմտյան) ակտիվությամբ:

Այս ամենը թույլ է տալիս կանխատեսելու, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարը բավականին մշուշոտ է և ավելի մեծ է նոր ռազմական առճակատման հնարավորությունը»: