ՔՊ-ական կարկառուն մի այլանդակի են նշանակելու նախարար․ Գագիկ Համբարձումյան

Մանրամասներ

1

Իշխանությանը հավատարիմ շնիկի, փիսիկի կգտնեն, կնշանակեն Ներքին գործերի նախարար, որ սրանց կամքը կատարի․ MediaHub-ի հետ զրույցում ասում է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, քննչական գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության բարեփոխումների քողի տակ կատարվող կառուցվածքային փոփոխություններին։

Ինչպես արդեն հայտնի է՝ իշխանությունները մտադիր են Ոստիկանությունում մի շարք փոփոխություններ իրականացնել։ Մասնավորապես, նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձեւավորել Ոստիկանության գվարդիա:

Մեկ այլ փոփոխությամբ էլ մտադիր են ստեղծել Ներքին գործերի նախարարություն, միավորելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը եւ Միգրացիոն ծառայությունը։ Այս խոշոր կառույցը, որը հաշվետու կլինի Ազգային ժողովին, չի բացառվում, որ կղեկավարի ՔՊ-ական որեւէ մեկը։

Գագիկ Համբարձումյանի պատկերացմամբ՝ իշխանությունները մտադիր են կառուցվածքային  այս փոփոխություններով իրենց մարդուն նշանակել նախարար։ 

«Նախարարությունը քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասն է, նախարարի պաշտոնն էլ՝ քաղաքական պաշտոն։ ՆԳՆ-ի դեպքում կկարողանան հրապարակային, լեգիտիմ կարգով իրականացնել իրենց քաղաքական պատվերները։ ՔՊ-ական կարկառուն, հավատարիմ այլանդակներից մեկին կնշանակեն նախարարի պաշտոնին։ Սրանց կողմից ընդունված ձեւափոխումը, որ անունը դրել են բարեփոխում, ընդամենը իրենց շեֆի բարոյականության մակարդակի կառուցվածքային փոփոխություններ են։ Մենք արդեն գիտենք սրանց խելքի աստիճանը, բարոյականության մակարդակը, հայրենասիրության բացակայության, կրթության բացականության մակարդակը։ Սրանք չունեն ո՛չ արժանապատվություն, ո՛չ պատվի զգացում, հետեւաբար նրանցից լավ բան սպասել չի կարելի»,- շեշտեց նա։

Ըստ Համբարձումյանի՝ Փաշինյանը, որն անգամ կես մետր միայնակ չի քայլում, ոստիկանությունում չի անի որեւէ փոփոխություն՝ երկրի շահերից ելնելով։

«Ես միշտ ասում եմ՝ նորմալ մարդկանց գործողությունները պետք է գնահատել անմեղության կանխավարկածով, քանի դեռ վատ բան չես ապացուցել։ Այս իշխանության բոլոր գործողություններին պետք է մոտենաս, գնահատես ստորության կանխավարկածով։ Սրանց ցանկացած գործողություն ստոր նպատակներ ունի։ Փաշինյանը դուրս էր եկել քաղաքում քարշ գալու՝ տասնյակ ՊՊԾ աշխատակիցներով շրջապատված, ինքներդ պատկերացրեք՝ այս անձը ի՞նչ է անում Ոստիկանության գվարդիան»,-ասում է Համբարձումյանը։ 

Մինչեւ 2018թ․-ը, այսինքն՝ այս իշխանությունների հայտվելը, Ոստիկանության համակարգ ընդունվելն ու աշխատելը, ոստիկանության գեներալ-մայորի խոսքով, բարդ գործ էր։ Իսկ հիմա՞։

«Համակարգի մեջ կան աշխատանքի ընդունվելու որոշակի կոշտ չափանիշներ, իր շրջապատի թափթփուկները բնականաբար չեն համապատասխանում այդ չափանիշներին։ Դրա համար որոշել է առանձին Գվարդիա սարքել, մի հատ խումբ ուներ՝ հեղափոխության պահապաններ, դրանց բերել ու տեղավորել համակարգ։ Փաշինյանին պետք է իր շրջապատի մարդկանց ու իր ընտանիքին պահպանեն, որ կարողանան հանգիստ, սահուն կերպով երկիրը տանել կործանման»,-նշեց Համբարձումյանը։ 

Լիա Սարգսյան, mediahub.am